ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) խորհրդի նորընտիր անդամների հետ՝ քննարկելու տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական առաջնահերթությունները։ Այդ մասին նախարարը գրառում է կատարել սոցցանցում:
«Տեխնոլոգիական համայնքի գործընկերների հետ անդրադարձել ենք մի շարք առանցքային թեմաների, այդ թվում՝ ներդրումային միջավայրի կանխատեսելիությանը, միջազգային կորպորացիաների հետ համագործակցության նոր հնարավորություններին, մարդկային կապիտալի զարգացման ու բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագրերին։
Հանդիպման ընթացքում շնորհակալություն եմ հայտնել վերջին տարիների արդյունավետ գործակցության համար՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ մեզ համար առաջնահերթություն է պետություն-մասնավոր հատված շարունակական համագործակցությունը»,- գրել է Հայրապետյանը և ընդգծել, որ ոլորտային քաղաքականության բարելավումը հնարավոր է միայն մասնագիտական համայնքի հետ կառուցողական և ինստիտուցիոնալ երկխոսության միջոցով։
Զրուցակիցները պայմանավորվեկ են շարունակել համատեղ աշխատանքը՝ հնչեցված հարցերի շուրջ գործնական լուծումներ մշակելու և Հայաստանի տեխնոլոգիական մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ։