Եվրախորհրդարանը (ԵԽ) պլանավորում է կասեցնել ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագրի ընդունման գործընթացը՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս ընդունած որոշման՝ բոլոր երկրներից ներմուծման վրա մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ, հաղորդում է Bloomberg-ը։
«ԵԽ-ի հիմնական քաղաքական խմբերը երկուշաբթի հայտարարել են, որ ժամանակավորապես դադարեցնում են առևտրային համաձայնագրի հաստատման աշխատանքները»,- հաղորդել է գործակալությունը։
ԵԽ միջազգային առևտրի հարցերով հանձնաժողովի նախագահ Բերնդ Լանգեն կոչ է արել շտապ նիստ հրավիրել՝ ԱՄՆ-ԵՄ առևտրային պայմանավորվածությունները վերագնահատելու համար։ Պետք է հավաքվեն նաև ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները՝ քննարկելու ԱՄՆ-ի հետ առևտրային հարաբերությունները։
Շաբաթ երեկոյան Թրամփը հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել, որով նախատեսվում է 10 տոկոս մաքսատուրքեր սահմանել աշխարհի բոլոր երկրներից ներկրումների համար: Ավելի վաղ Թրամփը նախազգուշացրել էր, որ նման կարգադրություն կտա, եթե ԱՄՆ Գերագույն դատարանն անօրինական համարի Սպիտակ տան սահմանած մաքսատուրքերից շատերը: Դատարանի այդ որոշումից հետո Թրամփը գլոբալ մաքսատուրքերը բարձրացրել է 10%-ից մինչև 15%:
Անցյալ ամռանը ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնեցրել էին առևտրային համաձայնագիր, ըստ որի՝ ԵՄ ապրանքների մեծ մասը պետք է հարկվեր 15% մաքսատուրքով, 50% մաքսատուրք էլ սահմանվելու էր ԱՄՆ պողպատի և ալյումինի ներմուծման համար: Bloomberg-ը հաղորդում է, որ ԵՄ-ն համաձայնել է այս համաձայնագրին՝ Վաշինգտոնի հետ լայնածավալ առևտրային պատերազմից խուսափելու համար: Սակայն ԱՄՆ-ի հետագա փորձերը՝ 50% մաքսատուրքեր տարածել հարյուրավոր այլ ապրանքների վրա, ինչպես նաև Գրենլանդիայի շուրջ վեճը, բարդացրել են իրավիճակը: