ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, փետրվարի 16-20-ը Հնդկաստանում անցկացվող AI Impact Summit 2026 բարձր մակարդակի միջազգային գագաթնաժողովի շրջանակներում, հանդիպում է ունեցել Հնդկաստանի էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Ջիթին Պռասադայի հետ, հայտնում են ԲՏԱ նախարարության մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք բովանդակային հարցեր, մասնավորապես՝ արհեստական բանականության զարգացման միտումները, թվային նորարարության խթանման գործիքակազմը, միկրոէլեկտրոնիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները, ստարտափ էկոհամակարգերի միջև փոխգործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև տեխնոլոգիական կապերի ամրապնդման ուղղությունները։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել գիտելիքի և փորձի փոխանակմանը, համատեղ հետազոտական ու ներդրումային ծրագրերի ձևավորմանը և նորարարական լուծումների համատեղ մշակմանը։
Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը խորացնելու Հայաստանի և Հնդկաստանի միջև տեխնոլոգիական համագործակցությունը՝ այն դիտարկելով որպես ռազմավարական ուղղություն։
Նման նախաձեռնությունները ամուր հիմք կդնեն երկու երկրների թվային էկոհամակարգերի զարգացմանը, բարձր տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի իրականացմանը և միջազգային շուկաներում մրցունակության բարձրացմանը։