Գրեթե 1,6 միլիոն ապօրինի ներգաղթյալ, որոնք այժմ գտնվում են ԱՄՆ-ում, ենթակա են արտաքսման: Այդ մասին հայտարարել է Ներգաղթի և մաքսային հսկողության ծառայության (ICE) տնօրենի պաշտոնակատար Թոդ Լայոնսը։
Fox News-ի փոխանցմամբ՝ նա այդ թվերը հայտարարել է հինգշաբթի՝ Սենատի ներքին անվտանգության և կառավարական գործերի հանձնաժողովի անդամների առջև ունեցած ելույթի ժամանակ։ Լայոնսը հավելել է, որ այդ մարդկանցից մոտ 800 հազարը դատվածություն ունեն։
Ավելի վաղ ICE-ի տնօրենի պաշտոնակատարը հայտնել էր, որ իր գերատեսչության աշխատակիցները ձերբակալել են օտարերկրյա քաղաքացիություն ունեցող կազմակերպված հանցավոր խմբերի ավելի քան 7 հազար անդամի, ինչպես նաև ավելի քան 1400 ահաբեկչի:
ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմն էլ հայտարարել էր, որ 2025 թվականին երկիրը լքել է 3 միլիոն միգրանտ, որոնցից մոտավորապես 800 հազարը հարկադիր կարգով են արտաքսվել։