Էստոնիայի արտգործնախարարությունը որոշել է Վրաստանում և Հայաստանում հավատարմագրված Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին, որի նստավայրը մինչ այժմ Թբիլիսին էր, տեղափոխել Հայաստանի մայրաքաղաք Երևան և դադարեցնել նրա դեսպանի պարտականությունները Վրաստանում, որոնք կավարտվեն մարտի 10-ին: Այդ մասին հայտնել է Էստոնիայի հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին:
Էստոնիան Հայաստանում իր դեսպանությունը կբացի մարտին, իսկ դեսպանի պաշտոնը կստանձնի Մարդիսալու-Կահարը՝ դառնալով Էստոնիայի առաջին ռեզիդենտ դեսպանը Երևանում:
Մինչև նոր դեսպանի նշանակումը, Վրաստանում Էստոնիայի դեսպանությունը կղեկավարի գործերի ժամանակավոր հավատարմատար Գիտա Կալմետը։ Էստոնիան Վրաստանում դեսպանատուն է բացել 2006 թվականին, իսկ Վրաստանը՝ Էստոնիայում, 2007 թվականին:
Աղբյուրը նշել է, որ «Էստոնիայի հարաբերությունները Հայաստանի հետ սկսել են արագ զարգանալ՝ այնտեղ տեղի ունեցած փոփոխությունների շնորհիվ, որոնք արտահայտվել են Եվրոպական միության հետ հարաբերությունների ամրապնդմամբ և Ադրբեջանի հետ հաշտեցման գործընթացի մեկնարկով»:
«Էստոնիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կայուն և լավ են, 2023 թվականից զարգանում են վերընթաց ուղղությամբ: Կայացել են երկկողմ այցելություններ ու հանդիպումներ նախագահների, վարչապետների և արտգործնախարարների մակարդակով»,- նշված է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության կայքում: