Խորհրդարանը քննարկում է «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի խոսքով՝ «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» օրենքների, ինչպես նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի կիրառման ընթացքում վերհանված խնդիրները կանոնակարգելու անհրաժեշտությամբ:
«Գործող կանոնակարգումների համաձայն՝ հարկային/մաքսային ծառայության պաշտոն կարող են զբաղեցնել հարկային/մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած, հարկային/մաքսային մարմնի ուսումնական կենտրոնի կողմից հավաստագիր ստացած և հարկային/մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք կամ վերապատրաստում անցած հարկային/մաքսային ծառայողները:
Նախագծերով նախատեսվում է հարկային և մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնողների մասով նշանակման պայմաններից հանել վերապատրաստում անցած լինելու վերաբերյալ պայմանը:
Նշված փոփոխությունը պայմանավորված է նշանակման մասով կարգավորումը հանրության շրջանում ձևավորված, որպես խտրական մոտեցումը վերացնելու, բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ հարկային/մաքսային ծառայողների՝ պաշտոնների նշանակման պայմանների միատեսակությունն ապահովելու անհրաժեշտությամբ:
Միաժամանակ, որպես պաշտոնի նշանակման առանձին պայման նախատեսվել է գործառութային առանձնահատկություններով պայմանավորված հարկային/մաքսային ծառայողի կատարողականի տարեկան գնահատման արդյունքներով ծառայողական առաջխաղացման իրավունք ունենալը»,- հայտնեց Սահակյանը:
Նախատեսվում է սահմանել, որ հարկային/մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում, ինչպես նաև առավելագույն տարիքը լրանալուց հետո հարկային/մաքսային ծառայողի պաշտոնավարումը մինչև մեկ տարի ժամկետով երկարաձգելու դեպքում նշված ժամանակահատվածում գործող պատրաստման հավաստագրի առկայությունը պարտադիր չէ:
Նախատեսվել է, որ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացնելու փաստի ուժով անձը տալիս է իր համաձայնությունը հարկային/մաքսային մարմնի կողմից բարեվարքության հարցաթերթիկի ուսումնասիրության շրջանակում պետական մարմիններից և այլ անձանցից բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկով ներկայացված տեղեկությունները հավաստող տեղեկատվություն պահանջելու և ստանալու վերաբերյալ: Հարցազրույցի արդյունքներով մասնակիցը ստանում է դրական կամ բացասական գնահատական:
Նրա խոսքով՝ անհրաժեշտություն է առաջացել խմբագրել նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հավելվածով սահմանված հարկային և մաքսային ծառայության վարձատրության սանդղակների վերաբերյալ աղյուսակը՝ հաշվի առնելով, որ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նշված աղյուսակում նշված հարկային և մաքսային ծառայության որոշ պաշտոններ այլևս գոյություն չունեն, ինչի արդյունքում նշված աղյուսակից միայն հանվում են հարկային և մաքսային ծառայության արդեն իսկ գոյություն չունեցող պաշտոնները, իսկ ներկայումս առկա պաշտոնների մասով գործող գործակիցների որևէ փոփոխություն չի կատարվում:
ՊԵԿ նախագահի տեղակալն ընդգծեց՝ քանի որ ոչ ճիշտ ընկալումներ կային հանրության կողմից, աշխատավարձի որևէ բարձրացում կամ նման այլ փոփոխություն չի նախատեսվում, ընդամենը հստակեցվում են գործող պաշտոնները:
Այսպիսով՝ նախագծերի ընդունմամբ կկանոնակարգվեն «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» օրենքների, ինչպես նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի կիրառման ընթացքում վերհանված խնդիրների հետ կապված հարաբերությունները: