Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և, իհարկե, նախագահ Դոնալդ Թրամփին՝ այս ամենը հնարավոր դարձնելու համար՝ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ «Զվարթնոց» օդանավակայանում պատասխանելով լրագրողների հարցերին:
«Երախտապարտ եմ նախագահին ինձ այստեղ ուղարկելու համար, բայց ամենից շատ՝ կնքած խաղաղության համաձայնագրի համար: Կարծում եմ այն բարգավաճման հնարավորություններ է բացում թե՛ Հայաստանի, թե՛ ամերիկյան ժողովրդի համար։ Ոգևորված ենք նաև, որ այստեղից ուղևորվում ենք Ադրբեջան: Նախագահ Թրամփը կարծում է, որ խաղաղության հաստատումն ընդամենը առաջին քայլն է, իսկ խաղաղության պահպանումն այն է, ինչով զբաղված ենք այսօր, մասնավորապես՝ զարգացնում ենք ձեռք բերվածը, ապահովում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական փոխկախվածությունը, որպեսզի խաղաղության համաձայնագիրը պահպանվի»,- նշել է ԱՄՆ փոխնախագահը:
Վենսը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ վարչակազմը իսկապես աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին:
«Շատ ուրախ եմ Հայաստանում և Ադրբեջանում լինելու հնարավորության համար»,- ասել է Վենսը: