Մենք TRIPP-ը պետք է ընկալենք որպես ներդրումային ծրագիր, որովհետև այն օգոստոսի 8-ին էր քաղաքական հայտարարություն։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Միացյալ Նահանգները առաջնորդելու են այդ ներդրումային գործունեությունը։ Եվ մենք, այդ թվում՝ ֆրոնտ օֆիս, բեք օֆիսը, պետք է ընկալենք, և այդպես է իրականում, ներդրողի ցանկությունը և ներդրողի ձգտումը մատուցել հնարավորինս բարձրորակ և գրավիչ ծառայություններ, որպեսզի հնարավորինս շատ մարդ օգտվի դրանից։ Որովհետև մենք ասում ենք՝ ֆրոնտ օֆիս, բեք օֆիս, բայց ֆրոնտ օֆիսում կարող է ընդհանրապես մարդ չլինել, այլ լինի արհեստական բանականություն, լինեն գերժամանակակից սարքավորումներ և այդ ֆրոնտ օֆիսի հիմնական գործառույթը կարող է լինել այդ սարքավորումների սպասարկումը և այլն»,- նշել է նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ զարգացած և զարգացող շատ երկրների օդանավակայաններում տեսնում են բիոմետրիկ անձնագրերի համակարգը․ «Մեր նպատակն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և բիոմետրիկ անձնագիր ունեցող այլ երկրների քաղաքացիները գնան ուղղակի, առանց կանգառների մտնեն ու դուրս գան»։
Նա ևս մեկ անգամ ընդգծել է՝ TRIPP-ը ներդրումային ծրագիր է, որը իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում, Ադրբեջանում TRIPP չկա և հետևաբար չի կարող ասել՝ Ադրբեջանում ինչ է լինելու։
«Ընդհանուր այն է, որ երկու երկրներում էլ սահմանային անցումները և այլն գործելու են երկրների օրենսդրությամբ, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում։ Փոխադարձության պայմաններում լինելու է տրանսպորտային կապուղիների, հաղորդակցության հասանելիություն։
Ըստ պայմանավորվածության՝ 50 տարուց հետո տոկոսների հարաբերակցությունը փոխվելու է, և Հայաստանի Հանրապետությունը ունենալու է արդեն 49 տոկոս։ Ինչու՞։ Որովհետև հաշվարկը այնպիսին է, որ ներդրո՞ւմ են, չէ, անում մարդիկ, խոսվում է միլիարդավոր ներդրումների մասին, այդ ներդրումները հետ պետք է գնվեն, և շահույթ էլ պետք է լինի։ Հիմա խնդիրը նրանում է, որ ցանկացած ներդրող, ընդ որում՝ բոլոր ներդրումային ծրագրերում՝ այդ թվում Հայաստանում, ուզում է ունենալ որոշակի երաշխիքներ, որ այդ փողերը հետ կբերի, որոշակի շահույթով, որովհետև հակառակ դեպքում ինչի՞ է բերում ներդրում, կտանի բանկում կդնի տոկոսով, և այդ գումարները հետ կստանա»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ սկզբում քննարկումների առարկա է եղել TRIPP-ի գործողության ժամկետը, 99 տարի։
«Մտածում էինք, ասում էինք՝ բայց 99 տարի, որոշակի դիսկոմֆորտ ունեինք այս թվերի հետ, նաև թիմում, մեկ էլ մի X պահի արձանագրեցինք, ասացինք՝ բայց հլը եկեք մի հատ այլ դիտանկյունից նայենք այս հարցին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետությունում 99 տարով, առնվազն 99 տարով, իրականացնում է ներդրումային ծրագիր։ Այսինքն՝ աշխարհի թիվ մեկ գերտերությունը ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը 99 տարի որպես անկախ, ինքնիշխան պետություն գոյություն է ունենալու, լինելու է խաղաղ, և այդտեղ լինելու է նորմալ ներդրումային միջավայր։
Փնտրում եմ և չեմ տեսնում մեր վաղ պատմության մեջ որևէ մի ժամանակաշրջան, որտեղ մենք մեր առջև 99 տարվա հեռանկար ենք ունեցել, 99 տարվա պլան ենք ունեցել, և այդ 99 տարվա պլանը մենք գծագրել ենք, նախագծել ենք աշխարհի թիվ մեկ գերտերության հետ։ Ուզում եմ, որ մենք այս պահը իրոք գնահատենք։ Եվ սա հաղորդակցվում և թղթակցվում է մեր պետականության հարատևության այն օրակարգի հետ, որը մենք որդեգրել ենք դեռևս 2018 թվականին»,- ընդգծել է վարչապետը։