Ռուսաստանը պատրաստ է քննարկել Երևանի հետ TRIPP նախագծին Մոսկվայի հնարավոր մասնակցության պարամետրերը՝ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Թրամփի ուղու վերաբերյալ մեր դիրքորոշումն արդեն սահմանել ենք: Հայ-ամերիկյան նախաձեռնության մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն»,- հավելել է դիվանագետը։
Գալուզինը հիշեցրել է, որ Հայաստանի երկաթուղային ցանցը մինչև 2038 թվականը կառավարվելու է «Ռուսական երկաթուղիների» դուստր ընկերության կողմից, երկիրն օգտագործում է ռուսական երկաթուղային գիծը, իսկ Իրանի հետ սահմանին տեղակայված են ռուս սահմանապահներ։ «Հարկավոր է հաշվի առնել նաև Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Այս պայմաններում ակնհայտ է, որ մեր գործընկերները չեն կարող առանց Ռուսաստանի»,- կարծիք է հայտնել փոխնախարարը։
Գալուզինը հավելել է, որ ատոմակայանի կառուցման հարցն էլ կարևոր տեղ է զբաղեցնում Մոսկվա-Երևան հարաբերությունների օրակարգում և պարբերաբար քննարկվում է տարբեր մակարդակներով: «Ռոսատոմը պատրաստ է հնարավորինս կարճ ժամանակահատվածում սկսել նախագծի իրականացումը՝ բնականաբար հաշվի առնելով մեր հայ ընկերների ցանկությունները։ Հուսալի, ստուգված տեխնոլոգիաների, ինչպես նաև գրավիչ ֆինանսական պարամետրերի, այդ թվում՝ շինարարության, հետագա շահագործման և մասնագետների վերապատրաստման առումով կենսունակ այլընտրանքներ չկան»,- շեշտել է դիվանագետը։
Ռուսաստանի արտգործնախարարն էլ հայտարարել է, որ Մոսկվան, Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ, աշխատում է Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության ճարտարապետության ուղղությամբ։ Սերգեյ Լավրովի խոսքով՝ ձգտում են հասնել միջազգային ազնիվ համագործակցության՝ հիմնված փոխըմբռնման, վստահության և բարիդրացիության սկզբունքների վրա։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը հատուկ ուշադրություն է դարձնում ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին և, ընդհանուր առմամբ՝ հետխորհրդային տարածքին։
Մանրամասները՝ տեսաշարում: