Եկեղեցին չի կարող լինել պետություն պետության մեջ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ցավոք, տեսել ենք դրսևորումներ, որ եկեղեցին ոչ միայն փորձում է դիրքավորվել որպես պետություն պետության մեջ, այլ որպես օտարերկրյա պետություն պետության մեջ։ Մենք ասում ենք, որ սա չպետք է տեղի ունենա։
Բացի այդ, եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ։ Այսինքն՝ եկեղեցին ներքաղաքական կյանքի մասնակից պետք է չլինի։ Տեսեք, երբ որ Կտրիճ Ներսիսյանը ժամանակին խոսում էր կառավարության, իմ հրաժարականի մասին, այստեղ ես չեմ հարցը, հասկանո՞ւմ եք, այստեղ քաղաքական գործընթացներն են։
Լավ, մեկ, երկու, երեք ասեցինք՝ լավ, ոչինչ, պետք է լինել հանդուրժողական։ Արդեն սկսեցին այլ եպիսկոպոսներ քաղաքական հայտարարություններ անել, և ի՞նչ եղավ․ եղավ, որ Բագրատ Գալստանյանը սկսեց քաղաքական շարժում՝ Մայր Աթոռում ունեցած խորհրդակցություններից հետո և դրա արդյունքում։ Բայց շատ կարևոր է նաև՝ ի՞նչ եղավ. այդ քաղաքական գործընթացը ժողովրդավարական երկրում և միջավայրում տեղի ունեցավ և մարեց, այսինքն՝ մերժվեց հանրության կողմից։
Այս ամեն ինչը չի կարող մնալ առանց հետևանքի, որովհետև խոսքը մեր պետության ինքնիշխանության, անվտանգության մասին է։
Այս ամեն ինչը իրագործելու համար, այս խնդիրները լուծելու համար մեզ պետք է եկեղեցու բարենորոգման օրակարգ, որը ինչի՞ մասին է՝ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչների բարեվարքության, ֆինանսական թափանցիկության, հաշվետվողականության մեխանիզմներ պետք է լինեն։ Որովհետև մենք այսօր ունենք ինֆորմացիա, որը ճշտման փուլում է, այն մասին, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ձևաչափերով Հայաստանի Հանրապետություն են մուտք գործում ստվերային գումարներ՝ քաղաքական նպատակով Հայաստանում օգտագործելու համար և այլն»,- ասել է նա։