ԱՄՆ-ն և Հնդկաստանը ավելի են մոտեցել առևտրային համաձայնագրի կնքմանը՝ հրապարակելով ժամանակավոր փաստաթուղթ, որով կնվազեցվեն մաքսատուրքերը, կվերաձևավորվեն էներգետիկ կապերը և կխորացվի տնտեսական գործակցությունը:
Բացի դրանից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով չեղարկել է Հնդկաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ լրացուցիչ 25 տոկոս մաքսատուրքը, որը սահմանվել էր Նյու Դելիի կողմից ռուսական նավթի գնումների պատճառով: Այս որոշումն ուժի մեջ է մտնում փետրվարի 7-ից:
Թրամփի խոսքով՝ որոշումը պայմանավորված է նրանով, որ Հնդկաստանը զգալի քայլեր է ձեռնարկել ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և տնտեսական հարցերում ԱՄՆ-ի հետ մերձեցման համար: Հնդկաստանը, ըստ ԱՄՆ նախագահի, նաև պարտավորվել է դադարեցնել Ռուսաստանից նավթի ներմուծումը և էներգակիրներ կգնի Միացյալ Նահանգներից:
Ընդ որում՝ ըստ հրամանագրի, եթե ԱՄՆ առևտրի նախարարությունը պարզի, որ Հնդկաստանը վերսկսել է Ռուսաստանից նավթի ներմուծումն ուղիղ կամ անուղղակի կերպով, ապա 25 տոկոս մաքսատուրքը կարող է վերականգնվել:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը և Հնդկաստանի վարչապետը հեռախոսազրույցի ընթացքում եկել էին համաձայնության, ըստ որի՝ Հնդկաստանից ԱՄՆ ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը կնվազեցվեն մինչև 18 տոկոս, իսկ Նյու Դելին մեծ քանակությամբ ապրանքներ կգնի Վաշինգտոնից: