ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է ներկայացրել ոստիկանության պաշտոնատար անձի նկատմամբ՝ 13 քաղաքացիների անունից կեղծ 17 վարչական արձանագրություն կազմելու և դրանց հիմքով տուգանելուն մասնակցելու համար, նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Մասնավորապես՝ հիշյալ պաշտոնատար անձը 2023 թվականի հունվարի 4-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում 13 քաղաքացիների կողմից օրենքով նախատեսված վարչական որևէ իրավախախտում կատարած չլինելու պայմաններում, առանց վերջիններիս մասնակցության, նրանց վերաբերյալ կազմել է իրավաբանական պատասխանատվություն առաջացնող 17 կեղծ արձանագրություն՝ դրանք դնելով պաշտոնական շրջանառության մեջ:
ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով հիշյալ քաղաքացիները տուգանվել են 50000-ական ՀՀ դրամով։
Պաշտոնեական կեղծիք կատարելու համար ոստիկանության ծառայողին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (17 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ՀՀ-ից բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրությունում:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: