Հռոմի Պապ Լևոն 14-րդը Մարդկային եղբայրության միջազգային օրվա առթիվ իր ուղերձում անդրադարձել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակակիրներին: Նա բարձր է գնահատել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մրցանակի հանձնումը:
«Այսօր մենք «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի միջոցով մեր հարգանքն ենք հայտնում նրանց, ովքեր այդ արժեքները վերածում են մարդկային գթասրտության և բարեգործության անկեղծ օրինակների: Մեր մրցանակակիրները՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Զարքա Յաֆթալին, հույս են ներշնչում աշխարհում, որտեղ հաճախ կամուրջներ կառուցելու փոխարեն պատեր են կառուցվում: Ընտրելով համերաշխության, այլ ոչ թե անտարբերության դժվարին ճանապարհը՝ նրանք ցույց տվեցին, որ նույնիսկ ամենախոր տարաձայնությունները կարող են վերացվել կոնկրետ գործողությունների արդյունքում: Նրանց գործունեությունն ապացուցում է, որ եղբայրության լույսը կարող է հաղթել եղբայրասպանության խավարին»,- նշել է Հռոմի Պապը՝ մրցանակակիրներին անվանելով «Հույսի սերմնացաններ»։