«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ Արուսյակ Մանավազյանը, Ալխաս Ղազարյանը, Արտաքին կապերի պատասխանատու Սարգիս Խանդանյանը, Վերահսկող հանձնաժողովի նախագահ Լևոն Լևոնյանը, հանձնաժողովի անդամ Քնարիկ Հարությունյանը, Երիտասարդական կառույցի խորհրդի անդամներ Էլինա Իշխանյանը և Բագրատ Վարդանյանը փետրվարի 4-ին հանդիպել են ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) փորձագետների հետ, որոնք Հայաստանում են գենդերային քաղաքականության ազգային գնահատում իրականացնելու նպատակով: Այս մասին հայտնում է ՔՊԿ-ն։
Ողջունելով հյուրերին՝ կուսակցության ներկայացուցիչները կարևորել են կուսակցության բոլոր մարմիններում կանանց քաղաքական ներգրավվածության և ակտիվության աճը և դրա ազդեցությունը Հայաստանի քաղաքական մշակույթում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կուսակցության կանոնադրական մարմիններում կանանց ներգրավվածությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կուսակցության ծրագրում, կանոնադրությունում և էթիկայի կանոնագրքում գենդերային հավասարությունը երաշխավորող դրույթները։ Ընդգծվել է կուսակցության տարածքային կառույցների խորհուրդներում կանանց ներգրավվածության դրական ազդեցությունը համայնքներում կանանց քաղաքական մասնակցության վրա։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի միջև հետագա համագործակցության վերաբերյալ։