ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեկնարկել է արտասահմանյան շրջագայությունը, որը կմեկտեղի դիվանագիտությունը և սպորտը: Մեկշաբաթյա ուղևորության ընթացքում Վենսն Իտալիայում կմասնակցի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, որից հետո կայցելի Հայաստան և Ադրբեջան:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի մասին հունվարի վերջին հայտնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Associated Press գործակալությունը գրել է, որ Թրամփը Վենսին հանձնարարել է զարգացնել համաձայնագիրը, որը նպատակ ունի վերջ դնելու երկու երկրի միջև տասնամյակների հակամարտությանը: Գործակալությունը, սակայն, չի հստակեցնում, թե որ օրն է ԱՄՆ փոխնախագահը ժամանելու Հայաստան և Ադրբեջան։
Փետրվարի 6-ին Միլանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը փոխնախագահ Վենսը կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունը, որի կազմում են նրա կինը՝ Ուշա Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Իտալիայում ԱՄՆ դեսպան Թիլման Ֆերտիտան։