Կառավարությունը սահմանել է Հայաստանի Հանրապետություն պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը: Այն պայմանավորված է ՀՀ-ում մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերության խթանման, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև մետաղների) ներքին արտադրության և առևտրի կանոնակարգման անհրաժեշտությամբ։
Որոշման հիմնական նպատակն է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքով ամրագրվող դրույթների կիրարկման ապահովման նպատակով պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգի և հիմնական լիցենզիայի ձևի հաստատումը, ինչն էլ, իր հերթին ուղղված է ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցության, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկման, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանման, տեղական մետաղագործական ձեռնարկությունների արտադրանքի բնականոն գործունեության ապահովմանը։
Որոշման գործողության ժամկետը նախատեսվում է 6 ամիս։ Արդյունքում՝ կխթանվի հանրապետությունում մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերության ոլորտում ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև մետաղների) վերամշակումը, կստեղծվեն նոր աշխատատեղեր՝ ընդլայնելով արդյունաբերական հզորությունները, շուկայում կապահովվի ոլորտային արտադրանքների համար հավասար մրցակցային պայմաններ։