Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Մանչեսթերում հանդիպել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիաի գործադիր քարտուղարի Աստրիդ Շոմեյքերի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը:
«Քննարկեցինք COP17 համաժողովի օրակարգի ընթացիկ խնդիրներն ու կազմակերպչական մի շարք հարցեր, ինչպես նաև այն քայլերը, որոնք անհրաժեշտ են իրավիճակի ճիշտ գնահատման և արդյունավետ լուծումների առաջմղման համար։
Համաժողովի ընթացքում ընդունված որոշումների իրականացումն առավել հետևողական և չափելի դարձնելու համար կարևոր է վերանայել մոտեցումները և արագացնել արդյունք ապահովող գործողությունները։
Հանդիպման ընթացքում անդրադարձա նաև COP17-ի նախագահության և նախարարական հատվածի անցկացման հարցերին՝ շեշտելով, որ մեր նպատակը բարձր մակարդակի, բովանդակային և արդյունավետ քննարկումներ կազմակերպելն է՝ միջազգային գործընկերների լայն ներգրավմամբ։
Քննարկեցինք նաև մեր ստանձնած պարտավորությունների իրականացման ճանապարհին հասանելի ռեսուրսները և աջակցության հնարավորությունները՝ ներառյալ տեխնիկական աջակցություն, կարողությունների զարգացում և ֆինանսական միջոցների առավել նպատակային համադրում»,- ասվում է գրառման մեջ։