Ադրեբջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Մասուդ Պեզեշքիանի հետ։
Նա մտահոգություն է հայտնել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով Բաքվի պատրաստակամությունը նպաստելու լարվածության նվազեցմանը և շեշտելով, որ Ադրբեջանը կողմ է նման հարցերի լուծմանը բանակցությունների և փոխըմբռնման միջոցով։
Փեզեշքիանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալիևին։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների տարբեր ասպեկտների, ինչպես նաև հետագա համատեղ քայլերի շուրջ․ ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել շփումները։
Հիշեցնենք՝ Իրանի մի քանի քաղաքներում հունվարի 31-ին պայթյուններ են տեղի ունեցել։ Պետական հեռուստատեսության տվյալներով՝ Մոալլեմ բուլվարի շրջանի ութհարկանի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզվել են երկու հարկ, վնասվել են մի քանի ավտոմեքենաներ և խանութներ։ Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ։ Mehr գործակալությունը նաև հայտնել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Ահվազ քաղաքում բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի մասին։ Չհաստատված տվյալներով՝ զոհվել է չորս մարդ։ Քաղաքային հրշեջ-փրկարարական ծառայության ղեկավարը հայտարարել է, որ միջադեպի պատճառը գազի արտահոսքն է եղել։
Իսրայելական պաշտոնյաները հայտարարել են, որ Իսրայելը որևէ առնչություն չունի Իրանում տեղի ունեցած պայթյունների հետ, հաղորդում է իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը։ Ինչպես հաղորդվել էր պայթյուններից մի քանի ժամ առաջ, Իրանի զինված ուժերը՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրման ֆոնին, բերվել են «լիակատար պաշտպանական և մարտական պատրաստության» վիճակի։
«Եթե թշնամին սխալ քայլ անի, դա անկասկած կվտանգի իր սեփական անվտանգությունը, տարածաշրջանի անվտանգությունը և սիոնիստական ռեժիմի անվտանգությունը»,-հայտարարել է ցամաքային զորքերի հրամանատար Ամիր Հաթամին։
Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածությունը սրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր հայտարարություններից հետո։ Հունվարի 30-ին նա սպառնացել է նոր ռազմական հարվածներով, եթե Իրանը հրաժարվի իր միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագիր կնքելուց․ «Եթե գործարք չլինի, կտեսնենք՝ ինչ կլինի»։