Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արձագանքել է իր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում բանակցություններ անցկացնելու Կրեմլի հրավերին:
«Իհարկե անհնար է Մոսկվայում իմ հանդիպումը Պուտինի հետ։ Դա նույնն է, ինչ հանդիպել Պուտինի հետ Կիևում։ Ես նույնպես կարող եմ նրան հրավիրել Կիև, թող գա»,- ասել է Զելենսկին, միաժամանակ նշել, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ, բայց ոչ Մոսկվայում: Նրա համոզմամբ՝ Մոսկվա հրավերներն արվում են, քանի որ ինչ-որ մեկը չի ցանկանում հանդիպել, բայց ինչ-ինչ պատճառներով չի կարող դա ուղղակի ասել:
«Մենք ցանկանում ենք կառուցողական համաձայնությունների հասնել պատերազմի իրական ավարտի վերաբերյալ, ունենալ արդյունավետ հանդիպում, քննարկել առկա խնդիրները և լուծել դրանք»,- հավելել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին ընդգծել է, որ առաջնորդների միջև հանդիպման ցանկացած իրական ձևաչափ ընդունելի է ուկրաինական կողմի համար։ Ուկրաինան շատ լուրջ է վերաբերվում Ռուսաստանի սանձազերծած պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությանը։
«Առաջնորդների հանդիպման ցանկացած իրական ձևաչափ հարմար է։ Ես չգիտեմ, թե ինչ արդյունք դա կտա, բայց այն անպայման ավելի մեծ կլինի, քան այսօր տեղի է ունենում»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը և շեշտել, որ միշտ պաշտպանել են եվրոպացիների ներգրավվածությունը գործընթացում։
Զելենսկին նշել է, որ ամերիկյան 20 կետանոց ծրագրում ներկայումս փոխզիջում չկա երկու կետի շուրջ, որոնցից մեկը տարածքային հարցն է, քանի որ Ռուսաստանը շարունակում է պնդել Դոնբասի՝ Ուկրաինայի հոսկողության տակ գտնվող մասը հանձնելուն։