Հունվարի 27-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպել է Բելգիայի պաշտպանության և արտաքին առևտրի հարցերով նախարար Թեո Ֆրանկենին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Դեսպան Բալայանը նախարար Ֆրանկենին ներկայացրել է Բելգիայում ՀՀ առաջին ռազմական կցորդ գնդապետ Վարդան Հովակիմյանին՝ ընդգծելով, որ ռեզիդենտ ռազմական կցորդի ներկայությունը թույլ կտա առավել ընդլայնել պաշտպանական ոլորտում հայ-բելգիական համագործակծությունը։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց ուսումնասիրել կրթական, մարտական պատրաստվածության և բժշկական ոլորտներում փոխգործակցություն ծավալելու ուղիները։
Նախարար Ֆրանկենը շնորհակալություն է հայտնել Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը Հայաստանի շարունակական և կարևոր մասնակցության համար։ Քննարկվեցին խաղաղապահ առաքելությունների շրջանակներում փոխգործակցության հնարավորությունները։
Տիգրան Բալայանը զրուցակցին ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգի իրագործման ճանապարհին արձանագրված հաջողությունները, տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերը՝ մասնավորապես ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, վաշինգտոնյան խաղաղության գագաթաժողովի արդյունքներն ու TRIPP-ի իրականացման ուղղությամբ քայլերը։ Այդ համատեքստում դեսպան Բալայանը Բելգիայի արտաքին առևտի նախարարի ուշադրությունն է հրավիրել բելգիական ընկերությունների ներգրավման հնարավորությունների վրա։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-բելգիական առաջիկա բարձրաստիճան այցելությունների օրակարգերի վերաբերյալ։