Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կարծում է, որ բիզնեսի հնարավորությունների տեսանկյունից իր երկիրը չպետք է ընտրություն կատարի ԱՄՆ-ի և Չինաստանի միջև, և ակնկալում է «հասուն» հարաբերություններ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
«Մենք շատ սերտ հարաբերություններ ունենք ԱՄՆ-ի հետ և, իհարկե, ցանկանում ենք ու կպահպանենք դրանք՝ անվտանգության և պաշտպանության հետ մեկտեղ։ Միևնույն ժամանակ, գլուխն ավազի մեջ թաքցնելն ու Չինաստանին անտեսելը, երբ այն աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունն է և բիզնեսի հնարավորություն, անխոհեմ կլինի», - ասել է Սթարմերը Bloomberg-ի հետ հարցազրույցում։
Սթարմերը այս շաբաթ կմեկնի Պեկին, ինչը կլինի Մեծ Բրիտանիայի վարչապետի առաջին այցը Չինաստան վերջին ութ տարվա ընթացքում։
Ինչպես ընդգծում է գործակալությունը, Սթարմերը պնդում է, որ կարող է հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ՝ «առանց Թրամփին զայրացնելու կամ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վնասելու»: Այդ կերպ նա մերժում է այն գաղափարը, որ ստիպված կլինի փոխզիջման գնալ երկու երկրների նկատմամբ իր մոտեցումների հարցում։
«Ինձ հաճախ առաջարկում են պարզապես ընտրություն կատարել երկու երկրի միջև։ Ես այդպես չեմ վարվում»,- ասել է նա։
Ընդ որում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը Թրամփի հետ իր հարաբերություններն անվանել է «հասուն»:
Չինաստան կատարելիք իր առաջիկա այցի ժամանակ Սթարմերին կուղեկցեն ընկերությունների, համալսարանների և մշակութային հաստատությունների մոտ 60 ղեկավարներ, և, ինչպես նշում է Bloomberg-ը, առաջնահերթ թեման ակնհայտորեն տնտեսական հարաբերություններն են:
Սթարմերը համոզված է, որ այդ այցը նոր հնարավորություններ է բացում, և դա չի նշանակում զիջումներ ազգային անվտանգության հարցերում: