ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունվարի 26-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Մանոիլ Մանևի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը, խմբի անդամներ Ալխաս Ղազարյանը և Էսթեր Այվազյանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի և Բուլղարիայի միջպետական հարաբերությունները՝ հիմնված բարեկամ երկու ժողովուրդների ջերմ և եղբայրական կապերի վրա: Ըստ նրա՝ երկկողմ արդյունավետ գործակցության զարգացմանը և խորացմանն առավել նպաստել են բարձրաստիճան փոխայցերը, իսկ խորհրդարանական դիվանագիտության դերն առանձնակի նշանակություն ունի: Հակոբ Արշակյանը գոհունակությամբ է արձանագրել նաև վերջերս երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը:
ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ բուլղարական կողմին երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու առաջարկ է արվել:
Նշելով, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության հռչակագրով նախատեսվում է նաև հաղորդակցության ուղիների ապաշրջափակում՝ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ ԹՐԻՓՓ նախագծի շրջանակում Բուլղարիայի հետ առևտրատնտեսական համագործակցության տեսանկյունից նոր հեռանկարներ կբացվեն: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Բուլղարիայի գործընկերների դրական արձագանքը խաղաղության գործընթացին:
2026 թվականի մայիսին Երևանում տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, ինչպես նաև ՄԱԿ-ի կենսաբազմազանության համաժողովը (COP17): Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ այս միջոցառումների շրջանակում Բուլղարիայի գործընկերներին Երևանում հյուրընկալելու հնարավորություն կլինի:
ՀՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանի գնահատմամբ՝ Բուլղարիան՝ որպես բարեկամ երկիր, առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար: Բաբկեն Թունյանը ևս երախտագիտություն է հայտնել բուլղարական կողմին խաղաղության համաձայնագրի հարցում կառուցողական դիրքորոշման համար: Բարեկամական խմբի ղեկավարը հավաստիացրել է, որ Հայաստանը տարածաշրջանում խաղաղության պայմաններում հարևան երկրների հետ համագործակցության խորացման կողմնակից է:
Նման այցերը նպաստում են փոխադարձ հետաքրքրություն ունեցող ոլորտներում արդյունավետ և նպատակաուղղված համագործակցության զարգացմանը: Նման կարծիք էլ հայտնել է բարեկամական խմբի անդամ Ալխաս Ղազարյանը:
Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Մանոիլ Մանևը եւս կարևորել է բարեկամական խմբերի մակարդակում փոխգործակցությունը, որը երկկողմ կապերի ընդլայնման արդյունավետ ազդակ է:
Քննարկվել են նաև տնտեսական կապերի խորացման, խորհրդարանական համանման հանձնաժողովների համագործակցության, տարբեր ոլորտներում հարաբերություններն ընդլայնելու հեռանկարները: Կարևորվել է Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը, որը կնպաստի նաև զբոսաշրջային հաղորդակցությանը, քաղաքացիների միջանձնային շփումներին և բիզնեսի զարգացմանը: Ընդգծվել է բուլղարահայ համայնքի զգալի դերակատարությունը Բուլղարիայի հասարակական կյանքում և երկու պետությունների հարաբերությունների զարգացման գործում: