«Անհրաժեշտ ամենը կարվի, որ Ֆրանկոֆոնիայի 10-րդ հոբելյանական խաղերի ընթացքում ապահովվի առողջապահական որակյալ ծառայությունների շուրջօրյա հասանելիությունը»,- ընդունելով Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի պատվիրակությանը` վստահեցրել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Պատվիրակության ղեկավար Վիվիեն Լյուբզանսկին, կարևորելով միջազգային լայնամասշտաբ այս միջոցառմանը երկրի պատրաստվածությունը հենց նաև առողջապահական տեսանկյունից, առանձնացրել է երեք հիմնական ենթակետ, որը պետք է Հայաստանն ապահովի խաղերի մասնակիցների և նրանց ուղեկցող անձանց համար.
-
Բժշկական հասանելիություն.
-
Հակադոպինգային միջոցառումներ.
-
Որոշակի չափանիշներին համապատասխան սնունդ:
Հայաստանը մշտադիտարկում է իրականացնում համաճարակաբանական տեսանկյունից, և, եթե Ֆրանկոֆոնիայի խաղերին ընդառաջ որևէ երկրում մտահոգիչ իրավիճակ լինի, կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ:
«Հանրապետական շտապօգնության ծառայությունը» ևս ունի համապատասխան հնարավորություն` նման մասշտաբային միջոցառման առողջ ընթացքն ապահովելու համար:
Թեև հատուկ Ֆրանկոֆոնիայի խաղերի համար առանձնացված է ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնն ու դրա ներուժը, բայց հարկ եղած դեպքում Երևանի բոլոր բժշկական կենտրոնները, որոնք Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի ներկայացրած չափանիշներին համապատասխանում են, կտրամադրեն բուժծառայություն:
2027 թվականին ընդառաջ` Առողջապահության նախարարության և Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև հանդիպումները շարունակական կլինեն: