Ուզում եմ ընդգծել, որ Արտաքին հետախուզության ծառայության տարեկան զեկույցում ընդգծված էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիան գնահատվում է գրեթե անհավանական: Սա արձանագրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Կարապետյանի՝ Արտաքին հետախուզության ծառայության տարեկան զեկույցում տեղ գտած արձանագրումների մասին հարցին:
«Մեր ռազմավարությունը հետևյալն է. մենք մեր երկրի պաշտպանունակությունը սիստեմատիկ կերպով ավելացնում ենք, հաջողությամբ ենք դա իրականացնում: Ինչ վերաբերում է խաղաղության հետագա ամրապնդման և ինստիտուցիոնալացման հարցերին, մենք այդ ուղղությամբ շարունակում ենք մեր դիվանագիտական աշխատանքը: Բայց ես ուզում եմ մենք բոլորս արձանագրենք այն մթնոլորտի փոփոխությունը, որը տեղի է ունեցել այս ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում՝ սկսած հռետորաբանությունից, և Հայաստանի և Ադրբեջանի կողմից այդ հռետորաբանությունն արդեն իսկ որակական փոփոխության առաջին նշաններն է ցույց տալիս, և ես ուզում եմ դա ողջունել:
Երկրորդ՝ այսօր ես իմացա, որ Հայաստանի վառելիքի շուկայում, օրինակ՝ դիզվառելիքի գնի մոտ 20 տոկոսի նվազում է եղել: Դա ուզում եմ մենք գնահատենք, այդ թվում՝ Հայաստանում սպասվող գյուղատնտեսական աշխատանքների և այլնի ֆոնին: Այն խնդիրները, որ արձանագրել է Արտաքին հետախուզության ծառայությունը, դրանց շուրջ մենք աշխատանքը շարունակում ենք, բայց այդ աշխատանքը ուղղված է լինելու խաղաղության ամրապնդմանը և այն դրական բովանդակությունը, որ այս ընթացքում ձևավորվել է, այդ դրական բովանդակությունը ընդգծելուն, շեշտելուն, դրա վրա հենվելուն:
Ինչ վերաբերում է անվտանգության հնարավոր ռիսկերին և սպառնալիքներին, Հայաստանի պետական համակարգը անընդհատ դա վերլուծում է, և այդ ուղղությամբ բոլոր ծառայությունները, առաջին հերթին՝ դիվանագիտական, իրենց աշխատանքն անում են:
Իմիջիայլոց շատ ուրախ եմ, որ Ադրբեջանում պահվող ևս 4 անձ վերադարձավ ՀՀ, այսինքն՝ ես կարծում եմ, որ մյուս կողմից էլ իներցիոն պրոցեսներ կան, մենք դրանց հետ պետք է հանգիստ, հանդարտ, խաղաղության վրա կենտրոնացած, խաղաղության նկատմամբ հաստատված խնամքի ցուցաբերմամբ աշխատենք, բայց Հայաստանի Հանրապետությունը երբեք և ոչ մի րոպե, վայրկյան իր զգոնությունը չի կորցրել և չի կորցնելու: Բայց այսօր՝ 2026 թվականին հունվարի 21-ի դրությամբ, Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով կատարյալ խաղաղություն է»,- նշեց Փաշինյանը: