Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին է ներկայացվել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության 2025 թվականի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը:
«Ըստ այդմ`
ՔԿԱԳ գրեթե բոլոր ծառայություններից կարելի է օգտվել առցանց եղանակով՝ ամուսնություն, ամուսնալուծություն, անվան փոխում, հայրության ճանաչում, մահվան գրանցում։
ՔԿԱԳ համակարգի բարեփոխումների արդյունքում՝ ՔԿԱԳ աշխատակիցներն այսուհետ համարվելու են Գործակալության աշխատակիցներ, նախկինում՝ համայնքային ծառայողների փոխարեն: Ակնկալվում է, որ այս փոփոխություների շնորհիվ հնարավոր կլինի ամբողջական վերահսկողություն իրականացնել ՔԿԱԳ գործառույթներ իրականացնող աշխատակիցների կատարած աշխատանքների նկատմամբ: Փոփոխությունների արդյունքում նաև նախատեսվում է ֆինանսական հավելյալ միջոցների մուտք պետական բյուջե:
2025թ.-ի ընթացքում էլեկտրոնային եղանակով ստացված դիմումների հիման վրա կատարվել են ՔԿԱԳ գրանցումներ՝ ամուսնության 101 առցանց գրանցում, ծննդի 41 առցանց գրանցում և այլն:
ՔԿԱԳ արխիվի թվայնացման արդյունքում թվայնացվել է 330.000 ակտ, որից կամավորների կողմից կատարված թվայնացված ակտերը կազմում են 33.000, պատվիրակման միջոցով թվայնացված ակտերի քանակը՝ 250.000, իսկ աշխատակիցների կողմից թվայնացված ակտերի քանակը՝ 48.000:
Իրականացվել է «Դարձի՛ր կամավոր» ծրագիրը, որի առաջին փուլի ընթացքում թվայնացվել է քաղաքացիական կացության 8000 ակտային գրանցում, իսկ երկրորդ փուլում՝ 25.000:
2025թ․-ի ընթացքում Ապոստիլով վավերացվել է 35.971 պաշտոնական փաստաթուղթ, որից 4340-ը՝ էլեկտրոնային հարթակի միջոցով:
2026թ.-ի ՔԿԱԳ գործակակալության առաջնահերթությունների շարքում է՝
-ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով նախարարությանը վերապահված աշխատանքների իրականացումը, մասնավորապես՝ Անձնական տվյալների պաշտպանության պահպանման և մշակման համատեքստում:
-Արհեստական բանականության ներդրամամբ ՔԿԱԳ արխիվների թվայնացումը:
-Էլեկտրոնային փաստաթղթերի ապոստիլով վավերացման հնարավորությունը:
Հաշվետվության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գործակալության աշխատակիցների կարիքներին ու դրանց լուծման ուղղություններին»,-նշվում է նախարարության տարածած հաղորդագրությունում: