Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակն այսօր հայտարարեց 2026 թվականի մրցանակակիրներին:
Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիրը արժանանում է բարձր գնահատանքի՝ որպես երկու պետությունների կողմից իրականացվող խաղաղության, երկխոսության, հարաբերությունների կարգավորման և հակամարտության լուծման գործընթաց։ Այն ընդգծում է, որ հաշտեցումը մեկանգամյա գործողություն չէ, այլ՝ շարունակական և հետևողական ուղի։ Այս մասին հայտնել են Կառավարության մամուլի ծառայությունից:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս արժանացել է «Զայեդ» մրցանակի։
«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամը ընդգծել է Նիկոլ Փաշինյանի շարունակական, հետևողական և սկզբունքային ջանքերը՝ ուղղված խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։ Մրցանակը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանձնվի փետրվարին՝ Աբու Դաբիում։
2026 թվականի մրցանակակիրները ընտրվել են անկախ, համաշխարհային մակարդակի դատավորական հանձնաժողովի կողմից, որը բաղկացած է երկխոսության և համակեցության ոլորտում ճանաչված հեղինակավոր գործիչներից և փորձագետներից։ Հանձնաժողովի անդամներն են՝ Եվրոպական խորհրդի նախկին նախագահ և Բելգիայի Թագավորության նախկին վարչապետ Նորին Գերազանցություն Շառլ Միշելը, Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին նախագահ և Չադի Հանրապետության նախկին վարչապետ, Նորին Գերազանցություն Մուսա Ֆակի Մահամաթը, Սուրբ Աթոռի Մշակույթի և կրթության դեպարտամենտի պրեֆեկտ, Նորին Սրբազանություն Կարդինալ Ժոզե Տոլենտինո դե Մենդոնսան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը, Ուզբեկստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Սաիդա Միրզիյոևան, ինչպես նաև Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի գլխավոր քարտուղար, Նորին Գերազանցություն դատավոր Մուհամմադ Աբդելսալամը: