Սպիտակ տունը հրապարակել է Գազայում խաղաղության և անցումային կառավարման վերահսկման Խորհրդի կազմը: Խորհրդի ստեղծումը Գազայի հատվածում խաղաղության ամերիկյան ծրագրի երկրորդ փուլի մաս է: Կառույցի կազմում, որը գլխավորելու է անձամբ Թրամփը, ընդգրկված են ԱՄՆ պետքարտուղարը, հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, ամերիկացի գործարար Մարկ Ռոուենը, Համաշխարհային բանկի նախագահը, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալը։
Բացի դրանից՝ Խաղաղության խորհրդի հայեցակարգը կյանքի կոչելու նպատակով ստեղծվել է գործադիր խորհուրդ, որին, ի թիվս այլոց, անդամակցում են նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի և այլ երկրների ներկայացուցիչներ: Ազգային կոմիտեն կգլխավորի Ալի Շաաթը, որը նախկինում բարձր պաշտոններ է զբաղեցրել Պաղեստինի ինքնավարությունում։
Կոմիտեն, ըստ Սպիտակ տան հայտարարության, կկենտրոնանա «քաղաքացիական ինստիտուտների վերականգնման և Գազայի առօրյա կյանքի կայունացման վրա՝ միաժամանակ հիմք դնելով երկարաժամկետ, կայուն կառավարման համար»։