ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը՝ լայնածավալ բողոքի ցույցերի, համացանցի սահմանափակումների և հասարակական տրանսպորտի խափանումների ֆոնին: Այդ մասին ասվում է Թեհրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատան կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Ամերիկացիներին խորհուրդ է տրվում նախատեսել այլընտրանքային հաղորդակցության միջոցներ և, եթե հնարավոր է, լքել երկիրը Հայաստանի, Թուրքիայի կամ Թուրքմենստանի հետ ցամաքային սահմաններով։ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ նաև ասվում է. «Եթե չեք կարողանում լքել, ապա ապահով և անվտանգ միջավայրում գտնվեք: Ունեցեք սննդի, ջրի, դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների պաշար»։
Երկքաղաքացիություն ունեցող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում ճանապարհորդելու համար օգտագործել իրենց իրանական անձնագիրը, քանի որ Թեհրանը չի ճանաչում նրանց ԱՄՆ քաղաքացիությունը։
Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ ԱՄՆ կառավարությունը դիվանագիտական կամ հյուպատոսական հարաբերություններ չունի Իրանի հետ, երկրի շահերը Թեհրանում պաշտպանում է Շվեյցարիան։
«L'Orient Today»-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան դիվանագիտական աջակցության աշխատակիցները լքել են Իրանը բողոքի ցույցերի պատճառով: Հեռացողների ճշգրիտ թիվը չի հրապարակվել:
Դոնալդ Թրամփն
ավելի վաղ նշել էր, որ Սպիտակ տունը և ԱՄՆ զինված ուժերը վերլուծում են Իրանում ցուցարարներին աջակցելու գործողությունների տարբերակները:
Հունվարի 11-ին Թրամփը
հայտարարել էր, որ Իրանի ղեկավարությունը դիմել է իրեն՝ բանակցությունների խնդրանքով։ Թեհրանը դեռևս չի մեկնաբանել ԱՄՆ նախագահի հայտարարությունները։