ԱՄՆ-ն 25 տոկոսի չափով մաքսատուրք կսահմանի Իրանի հետ առևտուր անող բոլոր երկրների համար։ Դոնալդ Թրամփն այս մասին հայտարարել է իր TruthSocial սոցիալական ցանցի էջում:
«Ներկա պահին ցանկացած երկիր, որն առևտրային գործարքներ է կնքում Իրանի Իսլամական Հանրապետության հետ, 25 տոկոսի չափով մաքսատուրք կվճարի: Այս որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ»,- ասվում է գրառման մեջ։
Ըստ Bloomberg-ի՝ Հնդկաստանը, Չինաստանը և Թուրքիան Իսլամական Հանրապետության ամենակարևոր առևտրային գործընկերներից են։ Սա առաջին դեպքը չէ, որ ԱՄՆ նախագահը դիմում է նման մարտավարության: Ուկրաինայում պատերազմող Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար Թրամփը նախկինում 50 տոկոս մաքսատուրք էր սահմանել հնդկական ապրանքների համար՝ այդ երկրի կողմից ռուսական նավթի գնման պատճառով։
Դոնալդ Թրամփն
ավելի վաղ նշել էր, որ Սպիտակ տունը և ԱՄՆ զինված ուժերը վերլուծում են Իրանում ցուցարարներին աջակցելու գործողությունների տարբերակները:
«Զինվորականները վերանայում են իրավիճակը, և մենք քննարկում ենք մի քանի շատ հզոր տարբերակներ»,- լրագրողներին ասել էր Սպիտակ տան ղեկավարը՝ հավելելով, որ կապի մեջ է Իրանի ընդդիմության առաջնորդների հետ: Ինչպես նշել էր Թրամփի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, ԱՄՆ նախագահը քննարկում է Իրանի դեմ ցանկացած գործողություն, այդ թվում՝ ավիահարվածները՝ բողոքի ցույցերի կոշտ ճնշման պատճառով, բայց դիվանագիտությունը համարում է իր «առաջին տարբերակը»:
Հունվարի 11-ին Թրամփը
հայտարարել էր, որ Իրանի ղեկավարությունը դիմել է իրեն՝ բանակցությունների խնդրանքով։ Թեհրանը դեռևս չի մեկնաբանել ԱՄՆ նախագահի հայտարարությունները։