Թուրքիան չի ցանկանում քաոս հարևան Իրանում. արտաքին միջամտությունները Իսլամական Հանրապետության գործերին է՛լ ավելի մեծ ճգնաժամերի կհանգեցնեն։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը:
Նրա խոսքով՝ Իրանում բոլոր հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով։
Անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին՝ նա նշել է հարևան երկրի միասնության և ամբողջականության ոտնահարման անթույլատրելիությունը։ Չելիքի խոսքով՝ Սիրիայում չկա հակամարտություն քրդերի և արաբների միջև, այնտեղ կա ահաբեկչության խնդիր։ Նա Սիրիայի դեմոկրատական ուժերին կոչ է արել կատարել բոլոր պայմանավորվածությունները:
Թուրքիայի իշխող կուսակցության ներակայացուցիչն անդրադարձել է նաև Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններն, նշել՝ Եվրամիության ապագան ուղղակիորեն կախված է Թուրքիայի հետ երկխոսությունից: Ժամանակակից ԵՄ-ն ուժեղ տնտեսական միություն է, բայց թույլ քաղաքական դերակատար՝ ընդգծել է Չելիքը: