Սպիտակ տունը քննարկում է միջամտության տարբերակներ՝ ի պատասխան Իրանում հարյուրավոր ցուցարարների սպանության մասին հաղորդագրությունների: Առաջարկվող տարբերակների մեծ մասը չի ենթադրում ռազմական գործողություններ: Ինչպես նշում է CNN-ը, Վաշինգտոնը վախենում է, որ ռազմական հարվածները կարող են հակառակ արդյունք տալ՝ ամրապնդելով աջակցությունն Իրանի ղեկավարությանը և դրանով իսկ խաթարելով բողոքի շարժումը:
ԱՄՆ-ում գործող HRANA մարդու իրավունքների կազմակերպության տվյալներով՝ Իրանում շարունակվող անկարգությունների ընթացքում զոհվել է առնվազն 544 մարդ, ձերբակալվել ավելի քան 10600-ը: Զոհերի իրական թիվը կարող է զգալիորեն ավելի բարձր լինել, քանի որ երկրում արտաքին աշխարհի հետ կապը խիստ սահմանափակված է ինտերնետի արգելափակման պատճառով:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփն ասել էր, որ Սպիտակ տունը և ԱՄՆ զինված ուժերը վերլուծում են Իրանում ցուցարարներին աջակցելու գործողությունների տարբերակները: «Զինվորականները վերանայում են իրավիճակը, և մենք քննարկում ենք մի քանի շատ հզոր տարբերակներ»,- լրագրողներին ասել է ԱՄՆ առաջնորդը՝ հավելելով, որ կապի մեջ է իրանցի ընդդիմության առաջնորդների հետ:
ԱՄՆ ղեկավարը նաև նշել է, որ Իրանի ղեկավարությունը դիմել է իրեն բանակցություններ վարելու խնդրանքով: