Գազայի հատվածը վերահսկող արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է, որ իր կառավարող մարմիններին հանձնարարել է պատրաստվել իշխանությունը փոխանցելու պաղեստինցի տեխնոկրատների անկախ կոմիտեին: Այն կկառավարի Գազան՝ համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրադադարի ծրագրի։
Ակնկալվում է, որ այս շաբաթ Թրամփը կհայտարարի «Խաղաղության խորհրդի» կազմը, որը կվերահսկի պաղեստինյան կոմիտեն։
ՀԱՄԱՍ-ը և Պաղեստինի ինքնավարությունը դեռևս չեն հրապարակել տեխնոկրատների անունները, որոնք պետք է քաղաքականապես անկախ լինեն, պարզ չէ նաև, թե արդյոք Իսրայելն ու ԱՄՆ-ը նրանց կհաստատեն։ Անցյալ շաբաթ 12 քաղաքականապես անկախ անձի ցուցակ է ներկայացվել Իսրայելի Շին Բեթ անվտանգության ծառայությանը, որը հավանություն է տվել նրանցից ութին, The Israel Times-ին ասել է արաբ դիվանագետը։ ՀԱՄԱՍ-ի և պաղեստինյան մյուս խմբավորումների ներկայացուցիչներն այս շաբաթ Կահիրեում բանակցություններ կվարեն Եգիպտոսի միջնորդությամբ։
Գազայի հատվածի վերաբերյալ գործարքը դեռևս իր առաջին փուլում է, քանի որ շարունակվում են ջանքերը՝ վերջին իսրայելցի պատանդի մասունքները վերադարձնելու ուղղությամբ։ Լուծված չէ նաև կարևոր հարցերից մեկը՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափումը: