Ես հավատում եմ, որ կանանց շրջանում կոռուպցիոն մենթալիտետն ավելի պակաս է, քան տղամարդկանց մոտ: Դա ունի շատ կոնկրետ պատճառ: Քրեական ենթամշակույթի համար կանայք էականորեն պակաս հասանելի են, քան տղամարդիկ: Այդ մասին դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման խոչընդոտների թեմայով քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ամենապատկառելի միջավայրերում՝ տղամարդկանց մասնակցությամբ, մեկ էլ խոսքի մեջ բառեր են արտահայտվում, որ դու հասկանում ես՝ քրեական ենթամշակույթն ինչ մեծ ազդեցություն ունի մեր կյանքի վրա,- ասաց նա և հավելեց,- Տղայականությունը հանրային բարոյականության շատ կարևոր մաս է, բայց դա քրեական ենթամշակույթի մտածողություն է:
Եկեք տղավարի էս հարցը [լուծենք]. դա ի՞նչ է նշանակում: Դա ցանկացած մեկնաբանություն ունի, բայց հաստատ կապ չունի օրինականության հետ, իրավակարգի, սահմանադրականության հետ, որովհետև եթե դրա հետ կապ ունենար, կասեինք՝ արի «սահմանադրավարի» էս հարցը լուծենք: Ինչի՞ ենք ասում՝ եկեք տղավարի էս հարցը լուծենք»:
Ըստ Փաշինյանի՝ քրեական ենթամշակույթի ազդեցությունը ֆունդամենտալ խնդիր է, դրա ազդեցությունը գալիս է դեռ դպրոցից, մանկապարտեզից ու տնից. «Էդ բանի հետ չեմ հաշտվում, որ մեր իրականության մեջ նորածին երեխային… պապիկին հայհոյելու կուլտուրան դեռ կա: Պակասում է, բայց դեռ կա: Փա՛ռք Աստծո, որ պակասում է: Բայց չեմ պատկերացնում՝ մայրիկն ասի՝ հլը մի հատ պապիկին հայհոյի՛ր»:
Փաշինյանը նաև կոչ արեց տղամարդկանց խոսել այս մասին, քանի որ արդարադատության, արդարության և բարոյականության համատեքստում դա շատ նեգատիվ դեր ունի, ուստի սա խնդիր է, որի հետ պետք է առերեսվել:
«Իմիջիայլոց, քրեական ենթամշակույթի դեմ պայքարում Կառավարությունը երեք լուծում ունի, առաջինը՝ կրթություն, երկրորդը՝ կրթություն, երրորդը՝ կրթություն»,- ասաց նա: