Իմ կարծիքով` մենք այսօր խնդիր ունենք: Մենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել: Այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման խոչընդոտների թեմայով քննարկման ժամանակ:
Թեմայի շրջանակում Փաշինյանն առաջարկեց ժողովրդի և իրավակարգի օրգանական կապը հաստատել, ապա հավելեց՝ ժողովո՛ւրդը պետք է իրավակարգի լեգիտիմությունը ճանաչի:
«Ո՞նց ենք լուծել իշխանության լեգիտիմության հարցը, ընտրությունների արդյունքները կասկածի տակ չեն: Բայց այն ընտրությունները, որով իրավակարգ է հաստատվել, այսինքն՝ հանրաքվեն, դրա արդյունքները միշտ են եղել կասկածի տակ և այսօր էլ են կասկածի տակ: Եվ այսօր, քանի դեռ այդ կասկածը չի վերացել, իրավակարգի լեգիտիմությունը վիրուսի նման մեզ քայքայելու է, մենք այդպես էլ չենք հասնելու ո՛չ արդարության, ո՛չ արդարադատության, որովհետև առաջին հերթին դա զգացողություն է: Մեկ է, ինչ ուզում եք արեք, մեկ է, դա առաջին հերթին զգացողություն է: Մարդը, քաղաքացին, մենք բոլորս պիտի ունենանք այդ զգացողությունը, իսկ մենք չունենք այդ զգացողությունը,- ասաց նա, ապա հավելեց,- Ես, օրինակ, չունեմ արդարադատության կամ արդարության զգացում, որ մենք կարողացել ենք Հայաստանում դրան հասնել:
Իմ՝ գոնե այս փուլի եզրակացությունը, որը քննարկման արդյունքում կարող է փոխվել, այն է, որ մենք լեգիտիմության խնդիր ունենք, ընդհանրապես իրավակարգի լեգիտիմության խնդիր ունենք:
Կարմիր լույսը, որը վառվում է մեր փողոցներում, այդ կարմիր լույսը լեգիտիմության խնդիր ունի, որովհետև պարզ չէ, թե ով է որոշել, որ կարմիր լույսը հենց այդպես պետք է վառվի: Կա որոշման մեկ աղբյուր՝ ժողովուրդը, իսկ ժողովուրդը չի համարում, որ ինքը դա որոշել է»: