Վենեսուելա է մեկնել ԱՄՆ Պետքարտուղարության պատվիրակությունը: Երկրի արտաքին գործերի նախարարության տվյալով՝ ակնկալվում է քննարկել դիվանագիտական առաքելությունները փոխադարձաբար վերսկսելու հարցը: Կողմերը կդիտարկեն նաև Կարակասում ամերիկյան վերջին գործողության հետևանքները և փոխադարձ հետաքրքրության այլ հարցեր:
Գերատեսչությունից նշել են, որ առաջիկայում վենեսուելական պատվիրակությունն էլ կայցելի Վաշինգտոն: Երկկողմ օրակարգում են հատկապես նավթարդյունաբերության ոլորտում համատեղ աշխատանքները:
Ամերիկյան կողմը նաև նախազգուշացրել է, որ թույլ չի տալու Չինաստանին և Ռուսաստանին որևէ ազդեցություն ունենալ Վենեսուելայում:
Սպիտակ տնից հայտնել են, որ փետրվարին էլ Դոնալդ Թրամփը կարող է ընդունել Կոլումբիայի նախագահին՝ քննարկելու թմրանյութերի ապօրինի շրջանառության հարցը:
Մեքսիկայից տեղեկացրել են, որ ամրապնդում են Միացյալ Նահանգների հետ կապերը և համակարգումը և պատրաստ են հանդիպել Սպիտակ տան ներկայացուցիչների հետ:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Մեքսիկայում գործող թմրարտելները պետք է վերացվեն։ Նա հույս էր հայտնել, որ դա հնարավոր կլինի իրականացնել Մեքսիկայի իշխանությունների հետ գործակցությամբ: