Տեր Արարատ քահանա Օրդոյանը, Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը, Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը, Տեր Պարթև քահանա Մուրադյանը, Տեր Ռաֆայել Պետրոսյանը (նախկին՝ Հայր Վազգեն աբեղա), Ռազմիկ սարկավագ Պետրոսյանը, Ռուբեն սարկավագ Պետրոսյանը, Տեր Զգոն քահանա Աբրահամյանը, Տեր Վահան քահանա Առաքելյանը ևս հայտնել են, որ միանում են Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տեր Գալուստ քահանա Սահակյանը, Տեր Անուշավան քահանա Կոշեցյանը, Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը և Արարատ քահանա Օրդոյանը, Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը, Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը, Տեր Մովսես քահանա Աշուրյանը և Տեր Պողոս քահանա Միքայելյանը միանում են եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սոցցանցի իր էջում անդրադառնալով 13 քահանաների այս քայլին, մասնավորապես ասել է.
«Ողջունում եմ այս հայտարարությունները։ Քահանա հայրեր, ես սա ընկալում եմ որպես ձեր անսասան հավատարմության արտահայտություն մեր տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ՀՀ-ին։ Ուզում եմ այս խիզախ քայլի համար շնորհակալություն հայտնել բոլորիդ»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետը հայտարարել էր, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որին վերապահվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթներ: Դրա կազմը կարող է ընդլայնվել համակարգող խորհրդի միաձայնությամբ: Պետության ղեկավարը ժողովրդին և հոգևորականներին կոչ է արել միանալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգին:
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը, ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված համակարգող խորհրդի ստեղծումը, հայտարարել էր, որ միանում է նրանց, ընդունում հռչակագրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման խորհուրդը գումարել է իր առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են Եկեղեցու բարենորոգման գործընթացի հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերը և առաջիկա աշխատանքների շրջանակը՝ հիմք ընդունելով հիմնադիր հայտարարությամբ ձևակերպված սկզբունքներն ու նպատակները։