13 քահանաներ միացան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգմանը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով եկեղեցու բարենորոգմանը քահանաների միանալուն։
«Ողջունում եմ այս հայտարարությունները։ Քահանա հայրեր, ես սա ընկալում եմ որպես ձեր անսասան հավատարմության արտահայտություն մեր տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ՀՀ-ին։ Ուզում եմ այս խիզախ քայլի համար շնորհակալություն հայտնել բոլորիդ»,- ասել է վարչապետը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետը հայտարարել էր, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որին վերապահվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթներ: Դրա կազմը կարող է ընդլայնվել համակարգող խորհրդի միաձայնությամբ: Պետության ղեկավարը ժողովրդին և հոգևորականներին կոչ է արել միանալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգին:
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը, ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված համակարգող խորհրդի ստեղծումը,
հայտարարել էր, որ միանում է նրանց, ընդունում հռչակագրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։
Օրեր առաջ
տեղեկացրել էինք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման խորհուրդը գումարել է իր առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են Եկեղեցու բարենորոգման գործընթացի հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերը և առաջիկա աշխատանքների շրջանակը՝ հիմք ընդունելով հիմնադիր հայտարարությամբ ձևակերպված սկզբունքներն ու նպատակները։
Մանրամասները՝ տեսանյութում։