Տեր Պողոս քահանա Միքայելյանը միանում է Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը։
«Ես` Տեր Պողոս քահանա Միքայելյանս, ողջունում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած`Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեկարգման հայտարարությունը, աջակցում և միանում եմ Բարենորոգման հայտարարությանը»,- նշել է նա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը, Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը և Տեր Մովսես քահանա Աշուրյանը միանում են եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետը հայտարարել էր, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որին վերապահվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթներ: Դրա կազմը կարող է ընդլայնվել համակարգող խորհրդի միաձայնությամբ: Պետության ղեկավարը ժողովրդին և հոգևորականներին կոչ է արել միանալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգին:
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը, ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված համակարգող խորհրդի ստեղծումը,
հայտարարել էր, որ միանում է նրանց, ընդունում հռչակագրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։
Օրեր առաջ
տեղեկացրել էինք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման խորհուրդը գումարել է իր առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են Եկեղեցու բարենորոգման գործընթացի հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերը և առաջիկա աշխատանքների շրջանակը՝ հիմք ընդունելով հիմնադիր հայտարարությամբ ձևակերպված սկզբունքներն ու նպատակները։