Ուրբաթ ԵՄ անդամ պետությունների մեծամասնությունն աջակցել է ՄԵՐԿՈՍՈՒՐ համաձայնագրին՝ վերջ դնելով Եվրոպական հանձնաժողովի և Լատինական Ամերիկայի մի խումբ երկրների՝ Արգենտինայի, Բրազիլիայի, Պարագվայի և Ուրուգվայի միջև ավելի քան երկու տասնամյակ տևած դժվար բանակցություններին, ինչպես նաև ԵՄ-ում բազմամյա ներքին տարաձայնություններին՝ հայտնում է Euronews-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ Ֆրանսիան, Լեհաստանը, Ավստրիան, Հունգարիան և Իռլանդիան դեմ են քվեարկել, Բելգիան ձեռնպահ է մնացել։ Որոշումը հարված էր Ֆրանսիայի ջանքերին՝ համախմբելու համաձայնագիրն արգելափակող փոքրամասնությանը։ Փարիզը խոստացել է արգելափակել այն խորհրդարանում:
Համաձայնագիրը, որը ստորագրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը 2024 թվականի դեկտեմբերին, կստեղծի ազատ առևտրի գոտի՝ ավելի քան 700 միլիոն բնակչությամբ։ Եվրոպական ընկերությունները հասանելիություն կունենան Լատինական Ամերիկայի 280 միլիոն սպառողների շուկային, որտեղ արդեն գործում է մոտ 30000 ԵՄ ընկերություն։
Համաձայնագիրը սատարող երկրները՝ Գերմանիայի և Իսպանիայի գլխավորությամբ, վաղուց պնդում են, որ այն հնարավորություն կտա մուտք գործել նոր շուկաներ: Համաձայնագրի հակառակորդները՝ Ֆրանսիայի գլխավորությամբ, զգուշացնում են, որ լատինամերիկյան գյուղատնտեսական ներմուծումներով ԵՄ ֆերմերները կենթարկվեն անազնիվ մրցակցության: