Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կոչ է արել խորհրդարանին և իրավապահ մարմիններին ուսումնասիրել և միջոցներ ձեռնարկել երկրի սպառողական ցանցում գների իջեցման համար՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով հակամենաշնորհային մեխանիզմներ։
«Վրաստանում առանձին մանրածախ ցանցերի զուտ շահույթը կազմում է մինչև 14%, մինչդեռ Եվրոպայում այն միջինը 2% է»,- ասել է Կոբախիձեն սպառողական գների վերաբերյալ հատուկ տեսաուղերձում։
Նա նշել է, որ Վրաստանի և եվրոպական երկրների միջև գների տարբերությունը զգալի է։
«Եթե համեմատենք Վրաստանում և Ֆրանսիայում նույն միջազգային ապրանքանիշի խանութների գները, ապա Վրաստանում կոնկրետ ապրանքանիշի արևածաղկի ձեթը 34%- ով թանկ է, մակարոնեղենը՝ 97%-ով, բրինձը՝ 180%-ով, կարագը՝ 30%-ով, պանիրը՝ 42%-ով, իսկ շոկոլադը՝ 47%-ով»,- ասել է վարչապետը:
Նրա խոսքով՝ այս իրավիճակը հաճախ վրացի արտադրողներին դրդում է իրենց ապրանքը վաճառել ոչ թե տեղական շուկայում, այլ արտասահմանում, չնայած պետությունը սուբսիդիաներ է տրամադրում վրացի արտադրողներին։