Եվրահանձնաժողովը դատապարտել է ԱՄՆ որոշումը՝ անձնական պատժամիջոցներ կիրառել նախկին հանձնակատար Թիերի Բրետոնի նկատմամբ՝ «Թվային ծառայությունների մասին» օրենքի (DSA) մշակման համար, և առցանց ապատեղեկատվության դեմ պայքարող ևս չորս եվրոպացու նկատմամբ։
«Եվրահանձնաժողովը կտրականապես դատապարտում է ԱՄՆ որոշումը՝ ճանապարհորդության սահմանափակումներ հաստատել Եվրոպայի հինգ քաղաքացու, այդ թվում՝ նախկին եվրահանձնակատար Թիերի Բրետոնի նկատմամբ։ Խոսքի ազատությունը հիմնարար իրավունք է Եվրոպայում և ընդհանուր արժեք Միացյալ Նահանգների հետ՝ ամբողջ ժողովրդավարական աշխարհում»,- ասվում է հայտարարության մեջ։
«Մեր թվային կանոններն ապահովում են անվտանգ, արդար և հավասար պայմաններ բոլոր ընկերությունների համար, դրանք կիրառվում են օբյեկտիվորեն և առանց խտրականության։ Մենք պարզաբանումներ ենք խնդրել ԱՄՆ իշխանություններից և շարունակում ենք համագործակցել նրանց հետ։ Անհրաժեշտության դեպքում արագ և վճռականորեն կարձագանքենք՝ մեր կարգավորիչ ինքնավարությունը չարդարացված միջոցառումներից պաշտպանելու համար»,- ընդգծել է Բրյուսելը։
Որպես 2019-2024 թվականներին ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար՝ Բրետոնը հեղինակել է DSA-ը, որը պահանջում է այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են Meta-ն, Google-ը, X-ը (նախկինում Twitter) և Amazon-ը, ավելի լավ վերահսկեն առցանց բովանդակությունը և պայքարեն ապատեղեկատվության ու ատելության խոսքի տարածման դեմ: Վաշինգտոնը այդ կարգավորումը համարել է հարձակում խոսքի ազատության վրա:
ԱՄՆ արգելքը վերաբերում է նաև Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում առցանց ապատեղեկատվության և ատելության խոսքի դեմ պայքարող ՀԿ-ների ներկայացուցիչներին:
Ըստ Վաշինգտոնի՝ նրանք ներգրավված են ամերիկացիներին գրաքննելու փորձերում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով՝ «Եվրոպայի գաղափարախոսները» փորձում են «ստիպել ամերիկյան հարթակներին պատժել» ԱՄՆ քաղաքացիներին որոշակի տեսակետներ արտահայտելու համար։ Պետքարտուղարը նաև նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ընդլայնել այդ պատժամիջոցների ցուցակը, եթե մյուս անձինք չփոխեն իրենց կուրսը։