Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությունը հայտնել է, որ Մոսկվայում կայացել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ Հասան ալ Շայբանիի և պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրայի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը կենտրոնացել են «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող» քաղաքական, տնտեսական և ռազմական հարցերի վրա, սակայն «հատուկ ուշադրություն» են դարձրել պաշտպանության խնդրին։
SANA գործակալության հաղորդմամբ՝ Պուտինը և սիրիացի նախարարները քննարկել են պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր, ներառյալ՝ ռազմական համագործակցության զարգացումը, սիրիական բանակի կարողությունները հզորացնելու և դրա տեխնիկայի արդիականացման, փորձի փոխանցման և հետազոտությունների ու մշակումների ոլորտում համագործակցության համար։
Երկու կողմերը քննարկել են նաև քաղաքական և տնտեսական հարցեր, որոնք վերաբերել են ռուս-սիրիական համագործակցության ընդլայնմանը, այդ թվում ՝ վերականգնման նախագծերում, ենթակառուցվածքների զարգացման և Սիրիայում ներդրումների հարցում:
Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի «անսասան աջակցությունը» Սիրիային և նրա տարածքային ամբողջականությանը, միաժամանակ դատապարտել է «Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի բազմակի խախտումները՝ դրանք որակելով տարածաշրջանային անվտանգության և կայունության ուղղակի սպառնալիք»։