Բրյուսելում ԵՄ-ի և ՄԵՐԿՈՍՈՒՐ առևտրային դաշինքի (որը ներառում է Արգենտինան, Բրազիլիան, Պարագվայը և Ուրուգվայը) համաձայնագրի դեմ եվրոպացի ֆերմերների բողոքի ցույցն ավարտվել է անկարգություններով ու ոստիկանության հետ բախումներով` հաղորդել է dpa-ն: Ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է օգտագործել ցուցարարներին ցրելու համար այն բանից հետո, երբ նրանց ուղղությամբ քարեր են նետել, այրել անվադողեր:
Ակցիայի մասնակիցները հիմնականում բողոքել են Եվրամիության և Հարավամերիկյան ընդհանուր շուկայի (ՄԵՐԿՈՍՈՒՐ) միջև առևտրային համաձայնագրի ստորագրման դեմ։ Այդ հարցով բանակցությունները շարունակվում են արդեն 26 տարի։
Ֆերմերները դեմ են համաձայնագրին, քանի որ վախենում են ավելի էժան ներմուծվող գյուղատնտեսական արտադրանքի մրցակցությունից և ԵՄ սուբսիդիաների կրճատումից։
Եվրոպական միության և Հարավամերիկյան ընդհանուր շուկայի միջև առևտրային համաձայնագրի ստորագրումը հետաձգվել է մինչև հունվար, հաղորդում է Politico-ն։
Եվրահանձնաժողովը լոբբինգ է անում այդ գործարքի համար, որը կստեղծի աշխարհի ամենամեծ ազատ առևտրի գոտիներից մեկը՝ ավելի քան 700 միլիոն սպառողի հասանելիությամբ: Բրյուսելի դիրքորոշմանն ակտիվորեն աջակցում են արտահանող երկրները՝ Գերմանիայի գլխավորությամբ: Սակայն Ֆրանսիան, Լեհաստանը, Իտալիան երաշխիքներ են պահանջում, որ եվրահանձնաժողովը պաշտպանի եվրոպացի ֆերմերների շահերը, եթե ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի երկրներից ներմուծման հոսքը անհամաչափ մեծանա: