Իրանը երբեք չի հրաժարվի խաղաղ նպատակներով իր միջուկային ծրագիրը զարգացնելու օրինական իրավունքից, այդ թվում՝ ուրանի հարստացումից՝ հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ է և հավատարիմ է միջուկային զենքի չտարածման ռեժիմին։ Մենք կատարում ենք մեր պարտավորությունները, բայց չենք հրաժարվի այս պայմանագրով նախատեսված մեր իրավունքներից, այդ թվում՝ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման և հարստացման իրավունքից»,- ասել է նա ՌԴ իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Իրանի արտգործնախարարը նաև կոչ է արել ԱՄՆ-ին փոխել բանակցությունների նկատմամբ իր մոտեցումը։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը բանակցություններ ասելով՝ հասկանում է ոչ թե իրավահավասար երկխոսություն, այլ իր պայմանների թելադրանք, որոնց չի հաջողվել հասնել հունիսին Իրանի տարածքի վրա ռազմական հարձակումների ժամանակ:
Արաղչիի խոսքով՝ հունիսին Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները, չնայած վնասել են շենքերն ու սարքավորումները, սակայն չեն ոչնչացրել տեխնոլոգիան։