Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է օրենք Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն լուծարելու վերաբերյալ: Բյուրոն ստեղծվել է 2022 թվականի վերջին: Նման մարմնի ձևավորումը Եվրամիության առաջարկություններից մեկն էր՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։
Օրենքի օգտին քվեարկել է խորհրդարանի 77 անդամ: Նախագահ Միխեիլ Կավելաշվիլու ստորագրելուց հետո Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն իր գործունեությունը կդադարեցնի 2026 թվականի մարտի 2-ին։ Բյուրոյի գործառույթները կփոխանցվեն Պետական աուդիտի ծառայությանը։
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ավելի վաղ նշել էր, որ Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյի պարտականությունների մեջ են մտնում պաշտոնյաների, կուսակցությունների և ոչ կառավարական կազմակերպությունների հայտարարագրերի հավաքագրումն ու մոնիթորինգը, սակայն այդ գործառույթներն ավելի շատ համապատասխանում են Պետական աուդիտի ծառայությանը։