Խորհրդարանը դեկտեմբերի 16-ի նիստին առաջին ու երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծեր:
Առաջին ընթերցմամբ ընդունվեց ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերը: Փոփոխություններից մեկով առաջարկվում է ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխային տրվող աջակցությունը դարձնել պետական նպաստ, իսկ աջակցության միանվագ չափը համահարթեցնել՝ դարձնելով 500 հազար դրամ: Նախագծին ընդդիմությունը ձեռնպահ քվեարկեց:
Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Կառավարության ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետով՝ դրա գործողությունը տարածելով 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա: Նախագիծն ընդունվեց 65 կողմ, 4 դեմ և 20 ձեռնպահ ձայներով:
Ընդունվեցին նաև մի շարք համաձայնագրեր, որոնց թվում էր ««Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման ևհզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) ծրագրի վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը, համաձայն որի՝ նախատեսվում է ԱԶԲ-ի կողմից ՀՀ-ին տրամադրել 250 մլն դոլարի վարկ: Ծրագիրը նպատակ ունի ֆինանսավորել Կառավարության՝ դեռևս 2024 թվականին հաստատած՝ Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցության պետական ծրագիրը: