Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ցորենի ներկրումը շարունակվում է, ճանապարհին նոր խմբաքանակներ կան՝ լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է էկոնոմիկայի նախարարը: Հարցին՝ հնարավո՞ր է՝ Հայաստանից կոնյակ արտահանվի՝ Գևորգ Պապոյանը պատասխանել է՝ թեման քննարկվել է, սակայն գործարարները շշերով արտահանվող ապրանքի դեպքում շարունակում են նախապատվություն տալ Վրաստանի տարածքով ցամաքային տեղափոխմանը:
Նախարարն անդրադարձել է նաև հարցին, թե ինչու Ադրբեջանը չի օգտվում Հայաստանի ճանապարհներից: Պապոյանն ասել է՝ Ադրբեջանը շարունակում է բավականին երկար ու ծախսատար ճանապարհներից օգտվել՝ հավանաբար սպասելով հարցի ամբողջական կարգավորմանը:
Վերադառնալով ցորենին՝ լրագրողները հետաքրքրվել են՝ ի՞նչ է տալիս Հայաստանին Ադրբեջանի ճանապարհով ներկրումը:
«Պարենային անվտանգություն»,- պատասխանել է Պապոյանը՝ նկատի ունենալով Լարսին այլընտրանքի անհրաժեշտությունը:
Նոյեմբերին հայտնել էինք՝ ղազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով:
Ադրբեջանի և Վրաստանի տարածքով՝ գնացքով, Հայաստան էր տեղափոխվել նաև ՌԴ-ից ձեռք բերված ցորենը։