Հաագայի Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) Նիդերլանդների աջակցությամբ պատրաստվում է ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների հնարավոր կիրառմանը, որոնք կարող են ազդել ոչ միայն առանձին աշխատակիցների, այլև դատարանի ամբողջ կառուցվածքի վրա։ Այդ մասին հայտարարել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դեյվիդ վան Վիլը։
«Հռոմի կանոնադրության մասնակից բոլոր պետությունների հետ կոչ ենք անում ԱՄՆ-ին չկիրառել նոր պատժամիջոցներ։ Բայց եթե գործը դրան հասնի, մենք կքննարկենք, թե ինչպես հակազդել նման պատժամիջոցներին»,- ասել է նախարարը Nieuwsuur հեռուստածրագրի ժամանակ։
Վան Վիլի խոսքով՝ միջոցառումների մշակման առաջնահերթ ուղղություններից մեկը ՄՔԴ-ի կախվածության նվազեցումն է ամերիկյան տեղեկատվական ենթակառուցվածքներից։ Եթե նոր պատժամիջոցներ կիրառվեն, Վաշինգտոնը կարող է ամերիկյան ընկերություններին արգելել ծառայություններ մատուցել դատարանին, ինչը բացասաբար կանդրադառնա դատարանի բանկային գործունեության և տեղեկատվական համակարգերի վրա։ «Այնտեղ, որտեղ ներկայումս օգտագործվում են ամերիկյան ծառայությունները, մենք ստիպված կլինենք փնտրել այլընտրանքներ»,- բացատրել է նախարարը։
Դեկտեմբերի 10-ին Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ ԱՄՆ իշխանությունները ակնկալում են Միջազգային քրեական դատարանից երաշխիքներ ստանալ, որ այն չի հետապնդի նախագահ Դոնալդ Թրամփին կամ նրա վարչակազմի պաշտոնյաներին 2029 թվականին նրա նախագահական ժամկետի ավարտից հետո: Հաղորդվել է, որ ԱՄՆ-ն կարող է նաև պատժամիջոցներ կիրառել ավելի շատ դատավորների կամ դատարանի նկատմամբ, եթե Աֆղանստանում ամերիկյան զորքերի գործողությունների վերաբերյալ քննությունը շարունակվի: Բացի այդ, Վաշինգտոնը ցանկանում է, որ ՄՔԴ-ն դադարեցնի Իսրայելի ղեկավարության և Գազայի հատվածում հակամարտության ժամանակ նրա գործողությունների վերաբերյալ քննությունը: