Մարդու իրավուքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ դեկտեմբերի 10-ին անցկացվող «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության և հակախտրականության երաշխավորման ոլորտում» խորագրով բարձր մակարդակի միջազգային համաժողովի ընթացքում տեղի է ունեցել պանելային քննարկում՝ «Պետական մարմինների, մասնագիտական համայնքների ու ԶԼՄ-ների համագործակցությունը իրավահավասարության խթանման և խտրականության դեմ պայքարում» թեմայով։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից:
Քննարկմանը որպես բանախոս հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, Սերբիայի Հանրապետության նախկին Ազգային օմբուդսման, մարդու իրավունքների փորձագետ Սաշա Յանկովիչը, Հանրային ռադիոյի «Լուրերի» տնօրեն Լիանա Եղիազարյանը և «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Ասլանյանը։
Պանելային քննարկումը վարել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի խորհրդատու Արևիկ Անափիոսյանը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը համաժողովը կազմակերպել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և Միավորված ազգերի կազմակերպության Բնակչության հիմնադրամի հետ համատեղ։
