Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ Հայաստանը դարձնել այնպիսի երկիր, որ կարողանա մեր տարածաշրջանում ապրել առանց արտաքին օգնության և արտաքին աջակցության: Կարծում եմ՝ շատ կարևոր նրբություն է սա: Այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ:
«Արտաքին կապերը միջազգային հանրության կամ գործընկերների հետ ընդհատելու մասին չէ խոսքը: Մեր նպատակն է կարողանալ քննարկել տարածաշրջանային օրակարգը մեր տարածաշրջանի երկրների հետ և կարողանալ ստեղծել ներդաշնակության, համերաշխության մթնոլորտ, որքան դա հնարավոր է»,- ասաց նա:
Միաժամանակ Փաշինյանն ընդգծել է՝ երբևէ չի լինի իրավիճակ, որ «զրո խնդիր» լինի, քանի որ խնդիրներ ամեն տեղ կան, նաև լարվածություն կա Եվրոպայում պետությունների, սակայն առաջնորդումը, ըստ վարչապետի, այս բոլոր իրավիճակները կառավարելու մասին է, խաղաղություն ստեղծելու և այն պահպանելու մասին է:
«Ո՞րն է մեր խոսույթը: Մենք ասում ենք, որ խաղաղությունը հաստատված է, մենք կարողանում ենք դա տեսնել գետնի վրա: Բայց մյուս կողմից՝ դա ամենօրյա խնամքի կարիք ունի, առանց չափազանցելու՝ ամենօրյա խնամքի կարիք, և առանց ամենօրյա խնամքի ու հոգածության այն հաստատ ռիսկի ենթարկված կլինի»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հանդիպման արդյունքներով ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր: